Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մոսկվայի և Անկարայի միջև կան լուրջ հակասություններ, բայց...

Մոսկվայի և Անկարայի միջև կան լուրջ հակասություններ, բայց...
16.12.2008 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Թեպետ տարին արդեն ավարտվում է, սակայն քաղաքական ակտիվությունը, հատկապես մեր տարածաշրջանի շուրջ, մնում է բավականին բարձր։ Այն ամենը, ինչ կապված է քաղաքականության օրացուցային օրակարգի հետ, անշուշտ, ունի խորհրդանշական բնույթ։ Սակայն բոլոր տեսակի, հատկապես բանակցային գործընթացների մասնակիցներին տարեվերջին անհրաժեշտ է մոտենալ դրական նոտայով և արձանագրել, որ չնայած տարաբնույթ ճգնաժամերին, կողմերը հանգել են որոշակի նոր իրավիճակի։ Այդ իսկ պատճառով այս օրերին քաղաքական գործիչների հայտարարություններն ու բանակցությունները պետք է դիտարկել առաջին հերթին հեղինակության ապահովման տեսանկյունից։ Այլ հարց է, որ դրանք պարունակում են նաև որոշակի գլոբալ հեռանկարներ և միտումներ, և այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ ու գնահատել այն հայտերը, որոնք ներկայացվել են Վրաստանում և Ադրբեջանում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զարգացումների տեսանկյունից։
Վրաստանում վերջին պատերազմը, անշուշտ, պետք է դիտարկել իբրև ահազանգ` տարածաշրջանում մինչև վերջերս արտաքին ուժերի ազդեցության որոշակի հաստատված հարաբերակցության պայմաններում։ Որովհետև այդ իրադարձությունը ոչ միայն ամբողջովին փոխում է հետխորհրդային տարածքի համայնապատկերը, այլև խթանում աշխարհաքաղաքական ուժերի հակադրությունը տարածաշրջանում։ Բացի այդ, ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային տերությունների պահվածքը զգալիորեն պայմանավորված կլինի համաշխարհային ֆինանսական ճգնաժամով և այդ համատեքստում էներգակիրների ձեռք բերման նոր ուղիների փնտրտուքով։ Ըստ այդմ, փորձագետների ընդհանրացված գնահատականները կարծես հանգում են նրան, որ աշխարհը, հնարավոր է և մեր տարածաշրջանը, իբրև գլոբալ շահերի խաչմերուկ, դեռ մեկ անգամ չէ, որ բախվի այնպիսի ճգնաժամերի, ինչպիսին եղավ օգոստոսին։ Եվ բոլոր այս հանգամանքները հարկադրում են քաղաքական գործիչներին ու փորձագետներին` առաջ քաշել նոր կոնցեպցիաներ, արտաքին կողմնորոշումների նոր այլընտրանքային մոտեցումներ, մշակել համագործակցության նոր ձևաչափեր։
Եթե նկատի ունենանք, որ արտաքին քաղաքականության առումով Թբիլիսին հազիվ թե գնա «գետանցի ժամանակ ձիերը փոխելու» ճանապարհով, ապա պաշտոնական Բաքուն ակնհայտորեն հայտնվել է տարածաշրջանում մրցակցող աշխարհաքաղաքական բևեռների միջև մանևրելու պարտադրանքի առջև։ Ադրբեջանը հյուսիսից և հարավից սեղմված է տարածաշրջանային երկու խոշոր տերությունների` Ռուսաստանի և Իրանի միջև, այս երկու հարևաններն էլ ունեն Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու բազմաթիվ հնարավորություններ։ Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը շատ սերտ կապված է արևմտյան, մասնավորապես, ամերիկյան նավթային կորպորացիաների հետ, ինչն իր հերթին ԱՄՆ-ին զգալի ազդեցություն է ապահովում այս երկրում։ Միաժամանակ, Բաքվի որոշ քաղաքագետների գնահատմամբ, եթե մինչ այժմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները թեկուզ և լոյալ էին, սակայն որոշակի տարածություն էր պահպանվում, հասել է պահը ավելի ուշադիր հետևելու Ադրբեջանի հյուսիսային սահմանում զարգացող գործընթացներին։ Բավական հայտնի ադրբեջանական քաղաքական փորձագետ և դիվանագետ Ռասիմ Աղաևն այս կապակցությամբ մասնավորապես նշում է. «Անցնող տարին շատ լավ օրինակ տվեց մեզ, թե ինչպես և որքանով պետք է հաշվի առնել Մոսկվայի նշանակությունը Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներում։ Ես նկատի ունեմ մոսկովյան հռչակագիրը, որն ամեն դեպքում խթան հանդիսացավ բանակցային գործընթացում։ Դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում կարող են տեղի ունենալ բավականին անսպասելի փոփոխություններ»։
Միաժամանակ ադրբեջանական կողմի անհանգստությունն է հարուցում Իրանի ակտիվությունը և այն, որ օգտագործելով ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը, Թեհրանը ձգտում է գերակշիռ դիրքերի Հարավային Կովկասում։ Նոր նրբերանգներ են հայտնվել Թեհրանի ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության մեջ, քանզի Իրանը հայտարարել է նախապատրաստված գլոբալ նախաձեռնությունների իրագործման իր մտադրության մասին։ Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացիան ապահովելու տեսանկյունից Եվրամիության համար Իրանը կարևոր գործընկեր է, և Բրյուսելի շահերի տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «Պարս» խողովակաշարի կառուցումը։ Այդ նախագիծը նախատեսում է իրանական գազի մատակարարում Եվրոպա` Թուրքիայի տարածքով։ Իրանն արդեն բանակցություններ է սկսել եվրոպացիների հետ խողովակաշարի կառուցման կոնսորցիում ձևավորելու շուրջ, քանի որ այն ձգվելու է շուրջ 1800 կմ, կարժենա մոտ 4 մլրդ դոլար և հնարավորություն կտա տարեկան 37 մլրդ խմ գազ մատակարարել եվրոպական երկրներ` ներառյալ Հունաստանը, Իտալիան և Գերմանիան։ Անկասկած է նաև, որ «Պարս» խողովակաշարն ամենավտանգավոր մրցակցային նախագիծն է Ռուսաստանի և Ադրբեջանի համար, քանի որ զգալիորեն կփակի եվրոպական շուկայում գազի պահանջարկը, ուստի Իրանի ակտիվացման հետ կապված, ադրբեջանական կողմի մտահոգությունը միանգամայն հասկանալի է։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա թեկուզև արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, թե Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի որոշ հանդիպումները Մոսկվայում վկայությունն են այն իրողության, որ ռուս-վրացական երկխոսությունը գործնականում վերականգնվել է, սակայն երկրի կողմնորոշումները մնում են անփոփոխ։ Թեպետ Վրաստանի քաղաքական վերնախավը վերջին շրջանում սկսել է խաղարկել երկրի չեզոքության գաղափարն ու փորձում է դրանով «գայթակղել» Մոսկվային։ Սակայն այդ «սիրախաղը» պայմանավորված է բոլորովին ոչ արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությամբ, այլ ձմեռային սեզոնով։ Այժմ Թբիլիսիի համար հատուկ նշանակություն է ձեռք բերել գազի հարցը` 2009-ի կտրվածքով։ Վերջին տարիներին վրացական իշխանություններն ընդլայնեցին այլընտրանքային ուղիների շրջանակն այս առումով` ձեռք բերելով ադրբեջանական գազ։ Այն այսօր համեմատաբար մատչելի է, սակայն նույնիսկ այդ մատչելի գազի 700 մլն խմ-ն ամսական կտրվածքով կբավարարի միայն բնակչության պահանջները։ Մնացած կարիքների համար Վրաստանին պետք է ևս 800 մլն խմ, սակայն առայժմ պարզ չէ, թե Ադրբեջանը կկարողանա՞ բավարարել այդ պահանջարկը և ի՞նչ գնով։ Մինչդեռ էներգակիրների մատակարարման խափանումները կարող են դառնալ սոցիալական լարվածության ամենահիմնական պատճառներից մեկն այսօրվա Վրաստանում։ Վրացական փորձագետների մեծամասնության կարծիքով` ներքաղաքական իրավիճակը երկրում մոտ ժամանակներում կթեժանա, և Սաակաշվիլին այլևս չի ունենա այն ռեսուրսները, որ կարողանա ճնշել ընդդիմադիր մեծամասնությանը։ Հաճախակի է խոսվում այն մասին, որ իշխանափոխությունը Վրաստանում տեղի կունենա գարնան սկզբին` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով։ Դրանց արդեն նախապատրաստվում են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, նախկին վարչապետ և պաշտոնապես միլիարդատեր համարվող Զուրաբ Նողաիդելին, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան և նոր ընդդիմադիր շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիան։ Վերջինս, ի դեպ, Վրաստանում Աբխազիայի գծով լավագույն մասնագետն է և աբխազական էլիտային մոտ կանգնած մարդ։ Անկախ վերլուծաբան Առնո Խիդիրբեգիշվիլին կարծում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը Վրաստանի կազմ կարելի է ապահովել միայն պետության ֆեդերատիվ կառուցվածք սահմանելով. «Վրաստանի ֆեդերատիվ հանրապետության ստեղծումը, որի կազմում ֆեդերալ կամ կոնֆեդերալ հիմունքներով կարող են ընդգրկվել Աբխազիան և Օսիան, միակ ելքն է ստեղծված իրավիճակից։ Բայց այն իրագործել կարող են միայն նոր իշխանությունները»։
Այդքանով հանդերձ, Վրաստանի ամերիկյան կողմնորոշումն առաջնային է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մեջ գործող գրեթե բոլոր գործիչների համար։ Մինչդեռ Վրաստանի` նույնիսկ իր կողմից վերահսկվող հատվածներում վստահ ներկայությունն ապահովելու խնդիրը Մոսկվան մինչև վերջ չի լուծել։ Պատահական չէ, որ վերջերս ակտիվ խոսակցություններ և լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աբխազիա կարող են վերադառնալ ցարական Ռուսաստանի կողմից այդ տարածքից տարհանված և Թուրքիայում տեղավորված էթնիկ աբխազների հետնորդները, որոնք կոչվում են մոհաջիրներ։ Նրանց վերադարձի հարցը մեկ անգամ չէ, որ հնչեցրել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, ինչը միշտ հարուցել է Կրեմլի դժգոհությունը, սակայն հետևողական, թեկուզև ոչ բացահայտ, աջակցություն է ստանում Ստամբուլում։ Ակնհայտորեն, այդ գաղափարը Թուրքիայի նոր տարածաշրջանային նախաձեռնություններից մեկը կարելի է դիտարկել։
Ի դեպ, այդ հանգամանքը, ինչպես նաև Կովկաս վերադառնալու այսօրվա փորձերը, Կենտրոնական Ասիա երկրորդ ալիքով թափանցել փորձելու նրա նախաձեռնությունները զարմանալի, եթե ոչ տարօրինակ գնահատականների են արժանանում ռուսական փորձագիտական շրջանակներում։ Ռուսական փորձագետները Թուրքիայի վերադարձի կամ ակտիվացման փորձերը դրական են գնահատում այն դեպքում, երբ Մոսկվայի և Անկարայի միջև կան լուրջ հակասություններ։ Կարելի է ասել, որ կողմերն աշխատում են դրանք չընդգծել այս փուլում, թեպետ Թուրքիան ոչ միայն շահագրգռված է, այլև ակտիվորեն շարունակում է լոբբինգ իրականացնել Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերի, այդ թվում` «Նաբուկո» ծրագրի կառուցման հարցում։ Բառացիորեն օրերս Թուրքիայի նախագահն Աշգաբադում փորձում էր համոզել Թուրքմենստանի նախագահին, որ «Նաբուկոն» պետք է իրագործել հիմնականում թուրքմենական ռեսուրսների հաշվին։ Իսկ Ռուսաստանը երբևէ չի թաքցրել, որ այդ նախագծի իրագործումը տրամագծորեն հակառակ է իր շահերին։
Եվ, ինչպես միշտ, ռուսներին պարզ տրամաբանությամբ չես հասկանա։ Նաև դժվար է ընկալել այն փաստը, որ Ռուսաստանում Թուրքիային սկսել են դիտել ոչ թե իբրև մրցակցի կամ հակառակորդի, այլ նույնիսկ գործընկեր երկրի։ Փորձագիտական շրջանակներում քիչ թիվ չեն կազմում այն մարդիկ, ովքեր համարում են, թե ռուս-թուրքական հարաբերություններում փոխադարձ օգտակարության մեծ ներուժ կա։ Կրեմլում նույնիսկ լուրջ դրական տեղաշարժ են համարում այն, որ 2010-ին Թուրքիան կարող է դառնալ Ասիայում խաղաղության հաստատման կազմակերպության ժամանակավոր նախագահ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ